Սեբաստացու կարդալու ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ և ոչ ալ երկար ժամանակ կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Նրա անխոնջ ընթերցանությունը և ուսումնասիրելու ոճը, որոնց մասին չեմ ուզում բոլորովին լռել, կարող են օրինակ լինել իրենց հասակակից պատանիների համար: Երբ գիրք էր սկսում կարդալ, ձեռքից չէր թողնում, մինչև որ չէր ավարտում ամբողջությամբ և չհասներ, չհասկանար բոլոր իմաստները, կարդում էր ոճով և կարգով, ոչ իր հասակակիցների նման, ովքեր գրքերի հաճախակի փոփոխությամբ ուզում են անցկացնել իրենց ձանձրույթը: Երբ դժվար իմաստի կամ բառի էր հանդիպում, առանց քննելու չէր անցնում և ոչ էլ երկար ժամանակ էր կորցնում դրա վրա, այլ առանձին տետրի մեջ նշում էր, որ հետո նույն գրքի բացատրությունների հետ համեմատելով հասկանար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Նրա համար ընթերցանության չափ չկար. ոչ միայն սենյակի մեջ, այլ նաև դրսում, պարտեզում, ճանապորհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի (կառքի) վրա, միշտ ձեռքում գիրք ուներ: Ոչ մի առարկա կամ զբաղմունք չէր կարող շեղել կամ հետ պահել իրեն ընթերցումից: Եղել են օրեր, որ առանց ուտելու անցկացրեց, գրքերի մեջ ամբողջովին ընկղմված: Գեղեցիկ և հարմար օրինակները կամ վկայությունները մտքում էր պահում, մեծ հիշողության տեր լինելով, կամ առանձին թղթիկների վրա նշում էր, որով երբ հարկ էր լինում քարոզ տալ կամ հոգևոր բանի մասին խոսել, միշտ պատրաստ ունենում էր կարևոր նյութերը: Հիշողության հետ սուր անդրադարձ էլ ուներ, արթուն և ըմբռնող միտք, որ ոչ միայն գրությունների, այլ նաև գործերի մեջ էլ էր երևում:

Реклама