Պոեզիա

Մթնշաղ | Վահան Տեյրան

Մորս համար գազել | Եղիշե Չարենց

Կարծես թե դարձել եմ ես տուն | Վահան Տերյան

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ…

Թագադրում | Հովհաննես Շիրազ

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ

Անգիր եմ արել․․․|Համո Սահյան

Էստոնական երգ|Վահան Տերյան

Էլի գարուն կգա|Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —

Գերեզմանիս մարմար քարին կմնա:

 

Հիմա Հովհաննես Թումանյանի օրերն են և ես սովորել եմ «Իմ երգը» բանաստեղծությունը։

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

 

 

Ես սկսում եմ իմ անհատական նախագիծը, որի վրա կաշխատեմ յուրաքանչյուր հինգշաբթի մինչև մայսի վերջ։

Աշխատանքի ընթացքում պատրաստվում եմ ըստ օրերի ընտրել բանաստեղծություն, ձայնագրել և տեղադրել բլոգում։Բլոգում տեղադրելուց առաջ, եթե բանաստեղծությունը դժվար և երկար լինի, ապա ես այդ բանատեղծությունը կկարդամ, իսկ եթե հեշտ և կարճ լինի՝ կսովորեմ անգիր։